• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կամավորները փլատակների տակից ձայներ են լսել, այժմ այնտեղ աշխատանքներ են ընթանում. նախարար

ByEditor

Aug 15, 2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ԱԻՆ փրկարարական ծառայությունը կենտրոնացած է այն հատվածի վրա, որտեղից քաղաքացու ձայն է լսվել:  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժամը 21:00-ի դրությամբ որևէ  քաղաքացի դուրս չի բերվել փլատակների տակից:

 

«Սխալ տեղեկություն տարածվեց վերջին մեկ ժամվա ընթացքում: Ասեմ, որ, ցավոք, առայժմ, որևէ քաղաքացու փրկարարները դուրս չեն բերել: Ներկայում մեր ծառայողները իրենց ուժերը կենտրոնացրել են այդ հատվածում և իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ, կիրառվում է հատուկ տեխնիկա: Յուրաքանչյուր նման արձագանքի պարագայում մենք կենտրոնացնում ենք համապատասխան ուժեր: Տեղում էր «Շտապ օգնություն» ծառայության մեքենան: Ինչպես գիտեք նման րոպեները կարող են որոշիչ լինել, հետևաբար բոլոր ուժերը կենտրոնացնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ճիշտ ու ժամանակին բուժօգնություն ցուցաբերվի»,-ասաց ԱԻ նախարարը:

 

Արմեն Փամբուխչյանը մանրամասնեց, որ ամբողջ գիշերը շարունակելու են աշխատանքները: Փրկարարները որդեգրել են ոչ մի վայրկյան դադար սկզբունքը:

 

«Մեզ համար վայրկյանները կարևոր են: Ամբողջ գիշեր աշխատելու ենք, քիչ անց կլինի տեխնիկայի համալրում և կկատարվի հերթափոխ: Փրկարարների պակաս չունենք: Ժամը 21:00-ի դրությամբ անհետ կորած է համարվում 22 քաղաքացի»,-ասաց նա:

 

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 7 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա երկու տասնյակից ավելի անհետ կորած:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *